Ads 468x60px

Պատմություն

Մարդկության պատմության բազմադարյան ընթացքում տարբեր ժողովուրդներ և քաղաքակրթություններ գտնվել են միմյանց միջև բազմաբովանդակ շփումների մեջ: Հենց այս շփումներն էլ, որպես եզրագիծ, ընդունված է համարել միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության սկզբնավորման մեկնակետը:
Պատմության ընթացքում առաջին տարածաշրջանը, որը դասական առումով կարելի է համարել միջազգային հարաբերությունների ձևավորման տարբերակը, դա Միջերկրական ծովի ավազանն է, որտեղ զարգացման բարձր գագաթնակետին հասավ հունա-հռոմեական քաղաքակրթությունը` իր քաղաքական և դիվանագիտական ձեռքբերումներով:
Միջազգային հարաբերությունների ձևավորման և բնութագրման համար դասական օրինակ կարող է ծառայել հույն պատմիչ ֆուկիդիտի <<Պելոպոնեսյան պատերազմները>> աշխատությունը: Պելոպոնեսյան պատերազմները ընթանում էին մի կողմից Աթենքի, մյուս կողմից` Սպարտայի միջև:
Պետք չէ համարել սակայն, որ Միջերկրական ծովի ավազանը միակն էր , որտեղ ձևավորվել են բարձր զարգացման հասած քաղաքակրթություններ: Դրանց շարքին կարելի է դասել նաև Չինաստանը, Հնդկաստանը և ողջ ասիական հատվածը, այդ թվում նաև Արաբական խալիֆայությունը, որտեղ ևս հաստատվել են պատմա-քաղաքական զարգացման բարձր ցուցանիշներ:
Հետզհետե, 15-16-րդ դարերի ընթացքում միջազգային հարաբերություններում կարևորագույն տեղ է սկսում զբաղեցնել Եվրոպան: Եվրոպական գերակշռության ժամանակահատվածը սկիզբ է առնում Ռենեսանսի և Ռեֆորմացիայի ժամանակաշրջանից: Միջազգային հարաբերությունների զարգացման համար կարևոր դերակատարություն ունեցավ ֆեոդալական կարգերի փլուզումը և կապիտալիստական կարգերի հաստատումն ու զարգացումը: Կապիտալիստական կարգերի զարգացման սկիզբը համարվում է Անգլիական բուրժուական հեղափոխությունը: