Ads 468x60px

2.15.2012

1973 թվականի արաբ - իսրայելական երկրորդ պատերազմը

Եգիպտոսում նոր նախագահի քաղաքական թատերաբեմ բարձրանալով, տարածաշրջանում սկսվեցին նոր զարգացումներ: Նախ, Սադաթը քաղաքականության և տնտեսության  բնագավառներում հայտարարեց <<բաց դռների քաղաքականություն>>, որը ենթադրում էր տնտեսական և քաղաքական իրական հնարավորություններ ստեղծել Եգիպտոսի հետ համագործակցության ձգտող բոլոր պետությունների համար և չսահմանափակվել միայն սոցիալիստական կողմնորոշում ունեցող երկրներով: Չնայած նրան, որ խորհրդային ռազմական փորձագետներն ու սպաները վարժեցնում էին եգիպտական բանակը, ինչպես նաև Խորհրդային Միությունը հսկայական ռազմական օգնություն էր տրամադրում Եգիպտոսին, Սադաթը իշխանության գլուխ եկած առաջին իսկ օրվանից փորձում էր համագործակցել ԱՄՆ-ի հետ: Սակայն, նախքան այդ համագործակցությանը անցնելը, հարկավոր էր ցույց տալ Իսրայելին, որ Եգիպտոսը կարող է ռազմական լուրջ հարված հասցնել ցանկության դեպքում:

Մինչև 1973թ. սկիզբը Իսրայելը սիրիական և եգիպտական գրավյալ հատվածներում կառուցել էր պաշտպանական չափազանց հզոր կառույցներ, որոնցից ամենանշանավորը եգիպտական ճակատում գտնվող Բարլևի գիծն էր: 
Եգիպտոսը և Սիրիան տենդորեն պատրաստվում էին պատերազմի: Եգիպտա-սիրիական հրամանատարությունը մշակեց համատեղ գործողությունների ծրագիր, ըստ որի արաբական զորքերը պետք է մտնեին Իսրայել: Ինչ վերաբերվում է մեծ տերություններին, ապա պետք է նշել, որ ԽՍՀՄ-ը ավանդապես սատարում էր հակաիսրայելական ճամբարը, իսկ ԱՄՆ-ը` Մերձավոր Արևելքում իր կենսական շահերի արտահայտող Իսրայել պետությանը:
Պատերազմի համար արաբները ընտրել էին 1973թ. աշունը, քանի որ և հրեաները, և արաբները գտնվում էին տոնակատարությունների մեջ: Հրեաները չէին կանխատեսում, որ արաբները կհարձակվեն Ռամադան ամսին, իսկ արաբները հարձակման համար ընտրել էին հրեական Յոմ-Կիպուր տոնակատարության ժամանակաշրջանը:
Պատմության մեջ 1973թ. արաբ - իսրայելական պատերազմը ստացել է <<Դատաստանի օրվա պատերազմ>> անվանումը: Այս պատերազմում արաբները տարան բարոյա-քաղաքական հազթանակ: 
Պատերազմը սկսվեց 1973թ. հոկտեմբերի 7-ին: Առաջին իսկ օրը, արաբները տարան փայլուն հաղթանակ` ճեղքելով իսրայելական պաշտպանական գծերը: Սակայն պատերազմի հաջորդ օրը, սիրիական հրամանատարության համար անակնկալ ձևով, եգիպտական զորքերի առաջխաղացումը կանգնեցվում է: Արդյունքում, վերակազմավորելով իր ստորաբաժանումները և հակահարձակման անցնելով, Իսրայելը Սիննայի թերակղզում շրջապատում է Եգիպտոսի զորքերի մեծամասնությանը: Դեպքերի հետագա ընթացքում պարզ է դառնում, որ  Սադաթի նման քայլը ուներ ստրատեգիական նշանակություն և ուղղված էր ԱՄՆ-ին` եգիպտա-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներքաշելուն: Սիրիական ճակատում ստեղծվեց ավելի ծանր իրավիճակ. իսրայելական զորքերը վերահաստատվեցին Գոլանի բարձունքներում` գրավելով Էլ-կունեյտրա քաղաքը:
ԱՄՆ-ի կողմից առաջ քաշվեց բանակցային գործընթացի զինադադար կնքելու բանաձև, որը ստորագրեց Եգիպտոսի նախագահ Սադաթը: Արդեն 1970-ական թվականների կեսերին Եգիպտոսը դադարեցրեց հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, երկրից դուրս հանեց խորհրդային փորձագետներին, և դրանով իսկ իրական երաշխիքներ ստեղծեց ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար: