Ads 468x60px

2.08.2012

Արցախի Հարցը 1918-1920 Թվականներին

Արցախի հիմնահարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ լուրջ քննարկումների առարկա է դարձել սկսած 1918 թվականից, երբ Անդրկովկասյան Սեյմի փլուզման հետևանքով, Անդրկովկասում հռչակվեցին երեք հանրապետություններ` Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանական Հանրապետությունը և Վրաստանի Հանրապետությունը: 1920թ. Հայաստանը պատասխանելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին, հանդես է գալիս մի շարք հայտարարություններով, որոնցում Արցախը հռչակվում էր Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս և ավելին` Արցախի կառավարումն իրականացնելու նպատակով, ստեղծվում է կառավարման մարմին, որը կոչվում էր Զանգեզուր-Արցախյան Խորհուրդ` կապիտան Արսեն Շահմազյանի գլխավորությամբ: Շատ չանցած, նրան այդ պաշտոնում փոխարինում է Սերգեյ Մելիքի Գյոլչյանը:

Ադրբեջանի Հանրապետությունը, իր հերթին, Արցախում ստեղծում է կառավարման իր մարմինը, որը կոչվում էր գեներալ-նահանգապետություն: Գեներալ-նահանգապետ է նշանակվում հայտնի հայատյաց գործիչ Խոսրով Բեկ-Սուլթանովը: Նրա օրոք` 1920թ. Շուշիում կազմակերպվում է հայ բնակչության ջարդ, որին զոհ են գնում տասնյակ հազարավոր հայեր: Չնայած դրան, հայկական կողմը ամեն կերպ փորձում էր հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Այսպես, 1918-1920 թվականների ընթացքում արցախահայությունը գումարել է 9 համագումար, որոնցից յուրաքանչյուրում որոշում է կայացրել մնալ Հայաստանի կազմում: Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հանդես էր եկել հայտարարություններով, որտեղ կոչեր էին հնչում հարցին լուծում տալ խաղաղ ճանապարհով: 
1920թ. ապրիլին հայաստանը, իր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, ստիպված էր զենքի ուժով ազատագրել Արցախը: Նույն թվականի ապրիլի 25-ին կայացած արցախահայության 9-րդ հանրագումարը ողջունեց Արցախի ազատագրումը:
Ցավոք, արցախահայությանը վիճակված չէր երկար վայելելու խաղաղությունը, քանի որ 1920թ. ապրիլի վերջին` Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, 11-րդ կարմիր բանակի զորքերը վերջնագիր են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը` կոչ անելով զորքերը դուրս բերել Արցախից:
Թվում էր, թե Հայաստանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանի հետ տարածքային խնդիրները արագ լուծում կստանան: Հայաստանի խորհրդայնացումից ընդամենը 1 օր հետո Ադրբեջանի ղեկավար Նարիման Նարիմանովը, հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ, որտեղ, ողջունելով Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու փաստը, միևնույն ժամանակ հայտարարում էր, որ Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը ՀԽՍՀ անբաժան մասն են: Սակայն, ինչպես ցույց տվեց պատմությունը, Ադրբեջանը հետագայում հրաժարվեց այս հայտարարությունից:
Արցախի հիմնահարցը կրկին քննարկման առարկա է դառնում 1921թ. ամռանը: 1921թ. հունիսի 3-ին ՌԿԲԿ Կովկասյան Բյուրոյի պլենումը, որոշում է կայացնում Արցախը ճանաչել ՀԽՍՀ անբաժան մաս: Ադրբեջանը, չընդունելով այս որոշումը, դիմում է Մոսկվա` Իոսիֆ Ստալինին: Ստեղծվում է անդրկովկասյան հանրապետությունների միջև տարածքային վեճերը կարգավորող հանձնաժողով` Սերգեյ Կիրովի գլխավորությամբ: 1921թ. հունիսի 25-27-ը Թիֆլիսում գումարվում են հանձնաժողովի նիստեր:
Երկարատև բանակցություններից հետո 1921թ. հուլիսի 4-ին Կովկասյան բյուրոն որոշում է կայացնում Արցախը ճանաչել ՀԽՍՀ մի մասը: Դրա դեմ բողոքում է Նարիմանովը: Որոշվում է հարցի վերջնական լուծումը տեղափոխել Մոսկվա, սակայն ընդամենը մեկ օր անց, Ստալինի ճնշման տակ, որոշում է կայացվում Արցախը թողնել Խորհրդային Ադրբեջանի կազմում` որպես ինքնավար մարզ: Մարզկենտրոն է ճանաչվում Շուշին: