Ads 468x60px

2.10.2012

Ալեքսանդրապոլի Հաշտության Պայմանագիրը և Հայաստանի Խորհրդայնացումը

Թուրք-հայկական պատերազմը ավարտվեց 1920թ. նոյեմբերին, իսկ պատերազմը ամփոփող  հաշտության պայմանագիրը ստորագրվեց  Ալեքսանդրապոլում` 1920թ. դեկտեմբերի 2-ին: Այս ամսաթիվը ընդունված է համարել նաև հայաստանի Հանրապետության խորհրդայնացման օրը: Սակայն մի շարք պատմական փաստեր վկայում են, որ Հայաստանի խորհրդայնացումը փաստացի գոյություն ուներ նոյեմբերի 29-ից, քանի որ Հայաստանի մի շարք  երկրամասերում հռչակվել էին խորհրդային կարգեր: Նոյեմբեր ամսին Հայաստանի խորհրդայնացման հանգամանքը խորհրդանշվում է նաև նրանով, որ նոյեմբերի վերջին դաշնակցական իշխանության ճգնաժամի արդյունքում, Դրոն հռչակվում է  Հայաստանի արտակարգ և լիազոր ներկայացուցիչ: Նա իր պարտականությունները վայր է դնում 1920թ. դեկտեմբերի 2-ին, երբ Երևան են ժամանում բոլշևիկյան իշխանության հայազգի ներկայացուցիչները:

Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի առաջին հանրապետության  պատմության սև էջերից են, քանի որ պատվիրակության նախագահ Խատիսյանը, օբյեկտիվորեն չունենալով իրական հնարավորություններ, չի կարողանում թուրքերից պահանջել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գրաված արևմտահայկական մի շարք տարածքներ: Հարկ է նշել, որ թուրքերը` Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ, քաջ գիտակցում էին, որ Հայաստանը հայտնվել է <<լքված>> իրավիճակում և, որ իրենց ռազմական հաղթանակը հարկ է ամրապնդել  պայմանագրի միջոցով: Խատիսյանը, իր հուշերում գրում է, որ բանակցությունների ընթացքում թուրքերը առաջադրում են մի քանի հիմնական պայմաններ` հաշտություն ստորագրելու համար.
1. Հրաժարվել Սևրի պայմանագրից և դրանից բխող բոլոր եզրահանգումներից:
2. Հրաժարվել Ալեքսանդրապոլից և նրան հարող երկրամասերից:
3. Թուրքիային փոխանցել հայկական բանակի ողջ սպառազինությունը, ինչպես նաև բավականին մեծ ռազմատուգանք վճարել:
Ալեքսանդրապոլի բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք հետաքրքիր դրվագներ, որոնցից առավել հետաքրքրաշարժը հաշտության պայմանագրի ստորագրման նախօրեին Խատիսյանի և Դրոյի միջև տեղի ունեցած հեռագրակապն է: Խատիսյանը հեռագրակապով հարցնում է Դրոյին. <<Ինչպես վարվել. ստորագրել արդյոք վերոհիշյալ պայմաններով պայմանագիրը>>: Դրոն պատասխանում է. <<վարվեք այնպես, ինչպես գտնում եք նպատակահարմար>>:
Պատմության մեջ այսօր մեծ հարցականի տակ է դրված նման դիրքրոշումը, քանի որ Խատիսյանը, գտնվելով Ալեքսանդրապոլում, տեղյակ չէր, որ Հայաստանում դաշնակցականների իշխանությունը արդեն իսկ կրում էր ֆորմալ բնույթ, և, որ երկրի շատ հատվածներում հռչակվել են խորհրդային կարգեր:
Ստորագրված պայմանագրի արդյունքում Հայաստանը հայտնվում է ծանր կացության մեջ, ինչն առաջին հերթին, պայմանավորված էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածքի հաստատման հետ:
Արդեն դեկտեմբերի սկզբին Հայաստանում իշխանության եկած բոլշևիկները Ալեքսանդրապոլի պայմանագիրը հայտարարեցին անօրինական: Միևնույն ժամանակ, Ալեսանդրապոլի հաշտության պայմանագրի ստորագրումը հանդիսանում էր Հայաստանի առաջին հանրապետության կործանման սկիզբը, քանի որ դեկտեմբերի 2-ը համարվում է Հայաստանի երկրորդ հանրապետության ծննդյան տարեթիվը:
Պատմագիտության մեջ տրամաբանական հարց է առաջացել, թե արդյոք հնարավոր չէր խուսափել թուրք-հայկական պատերազմից և Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրից: Այսօր շատ մասնագետներ պնդում են, որ դա հնարավոր էր, նշելով, որ դեռ 1920թ. մայիսին, երբ Հայաստանում ճնշվեց, այսպես կոչված, մայիսյան ապստամբությունը, որը բարձրացրել էին հայ բոլշևիկները, կարելի էր Հայաստանը խորհրդայնացնել և զերծ պահել տարածքների կորստից:
Փաստորեն, Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց Սևրի պայմանագրից` ի չիք դարձնելով միջազգային հանրության կողմից պատմական Հայաստանի ճանաչման իրավական փաստաթուղթը: