Ads 468x60px

2.14.2012

Միջազգային Կազմակերպությունների Դասակարգումը

Միջազգային ասոցիացիաների տվյալներով, այսօր աշխարհում գոյություն ունեն շուրջ 6000 միջազգային կազմակերպություններ:

Միջազգային կազմակերպությունները ըստ գործելակերպի և իրավական գործառույթների շրջանակների բաժանվում են երկու խմբի.
1. Միջկառավարական
2. Ոչ կառավարական
Սրանցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում է երկու խմբի.
1. Տարածաշրջանային
2. Ունիվերսալ
Ներկայումս միջազգային կազմակերպությունների միջև գոյություն ունեցող համագործակցությունը թույլ է տալիս խոսել միջազգային կազմակերպությունների համակարգի մասին, որի կենտրոնում գտնվում է ՄԱԿ-ը:
Միջազգային կազմակերպության հասկացությունը ներկայումս ունի բնորոշման մի քանի տարբերակներ: Օրինակ` միջկառավարական կազմակերպության համար բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.
1. Պետությունների առանձնահատկություն
2. Միջպետական հիմնադիր պայմանագրի առկայություն
3. Մշտական մարմինների առկայություն
4. Պետության սուվերենության հարգանք:
Հաշվի առնելով այդ առանձնահատկությունները, կարելի է փաստել, որ միջկառավարական կազմակերպությունը պետությունների միավորում է, որն էլ հետապնդում է իր անդամների համար ընդհանուր շահեր: Միևնույն ժամանակ, տվյալ կազմակերպությունը ունի մշտական մարմիններ, որոնք իրենց գործառույթներն օգտագործում են համընդհանուր շահերի համար` հարգելով յուրաքանչյուրի սուվերենությունը: Նման մարմիններն էլ հանդիսանում են միջազգային իրավունքի սուբյեկտները:
Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք ստեղծվում են առանց միջպետական պայմանագրի առկայության: Միջազգային կազմակերպությունների դասակարգման համար կարող են օգտագործվել զանազան չափորոշիչներ: ՄԱԿ-ում մուտքը բաց է ցանկացած պետության համար: Սակայն պետք է նշել, որ ի տարբերություն ՄԱԿ-ի, Ազգերի Լիգան ուներ մի շարք տարբերակող առանձնահատկություններ: Մասնավորապես, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ Ազգերի Լիգայի անդամ չի դարձել իր սեփական խնդրանքով պետություն, որը փաստացի և իրավաբանորեն անկախ էր:
Կարելի է առանձնացնել նաև տարածաշրջանային կազմակերպությունները, որոնց շարքում կարելի է որպես օրինակ նշել Արաբական Պետությունների Լիգան և Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2001 թվականից ի վեր վերանվանվել է Աֆրիկյան դաշինքի: Երկու կազմակերպություններն էլ տարածաշրջանային են և անդամակցությունը նրանց խիստ սահմանափակ է
Այսպիսով, կարելի է փաստել, որ միջազգային կազմակերպությունները կարևորագույն դերակատարություն ունեն համաշխարհային քաղաքական համակարգում և նպաստում են մի շարք համաշխարհային նշանակություն ունեցող խնդիրների կարգավորմանը: