Ads 468x60px

2.16.2012

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը

Թուրքիան 1918թ. սկզբներին մեծաքանակ զորքերով մտավ Անդրկովկաս: Հայ ժողովրդի համար ստեղծվեց չտեսնված ծանր դրություն: Մի քանի ամսում նա կորցրեց Երզնկան, Էրզրումը, Կարսը և  Ալեքսանդրապոլը: Դարավոր թշնամին ձգտում էր գրավել նաև երկրի սիրտը` Արարատյան դաշտավայրը: Հայաստանի բնակչության կեսից ավելին բռնեց գաղթի ճանապարհը: Չնայած իր համար ստեղծված ծանր պայմաններին, հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և սկսվեց կռվել թշնամու դեմ: Թուրքական զավթիչների դեմ պայքարը սուր բնույթ ստացավ Սարդարապատի հերոսամարտերում:

Նպատակ ունենալով գրավել Երևանը, սպառնալիքի տակ պահել Թիֆլիսը և հարձակվել սովետական Բաքվի վրա, թուրքերը, Ալեքսանդրապոլը գրավելուց հետո առաջ շարժվեցին երեք ուղությամբ` Ալեքսանդրապոլ-Երևան, Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Թիֆլիս և Ղարաքիլիսա-Դիլիջան-Ղազախ-Գանձակ-Բաքու:
Ալեքսանդրապոլից Երևան շարժվող Շևքի փաշայի 9000-ոց բանակը, մտնելով Արարատյան դաշտ, մայիսի 21-ին` առանց կռվի գրավեց Սարդարապատ կայարանն ու գյուղը և փորձեց առաջ շարժվել դեպի Երևան: Սակայն այդ վճռական պահին վերջ տրվեց ընդհանուր հուսահատությանը: Մայիսի 22-ին քաջակորով գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ սկսվեց Սարդարապատի ճակատամարտը, որը շարունակվելով մինչև մայիսի 26-ը, ավարտվեց հայ զորքերի և նրանց միացած աշխարհազորայինների հաղթանակով:
Մայիսի 22-ից սկսած ուժեղ մարտեր տեղի ունեցան նաև հայ ժողովրդի ինքնապաշտպանության մեկ այլ կենտրոնում` Բաշ-Ապարանի ճակատում, որտեղ թուրքերի դեմ կռվի էին դուրս եկել ավելի քան 6000 մարդ: Այստեղ ևս թուրքերը ջախջախվեցին և ետ շպրտվեցին:
Մայիսի 24-28-ը տեղի ունեցավ Ղարաքիլիսայի հերոսամարտը: Այստեղ հայկական զորամասերն ու նրանց օգնության եկած Փամբակի, Դիլիջանի, Ղազախի և այլ շրջանների գյուղացիությունը համառ մարտեր մղեցին և 3 օր խափանեցին թվով գերակշռող թուրքական բանակի առաջխաղացումը` մեծ կորուստներ պատճառելով նրան: Սակայն թուրքական զավթիչներին հաջողվեց մեծ կորուստների գնով կոտրել հայերի դիմադրությունը և առաջ շարժվել մինչև Շուլավեր:
1918թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը դադարեց գոյություն ունենալ: Քայքայվեց Անդրկովկասի <<անկախ հանրապետությունը>>: Մայիսի 28-ին դաշնակցականների գլխավորած հայոց ազգային կենտրոնական խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ հանրապետություն: