Ads 468x60px

2.17.2012

Միջազգային վեճերի խաղաղ լուծման սկզբունքը միջազգային հարաբերություններում

ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը լուծում են խաղաղ միջոցներով, այնպես, որպեսզի չվտանգվի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և արդարությունը: Միջազգային վեճերի խաղաղ լուծման սկզբունքի զարգացումը նշանավորվել է մի շարք միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի կնքմամբ, որոնք, աստիճանաբար սահմանափակելով պատերազմի դիմելու իրավունքը, զարգացնում էին միջազգային վեճերի խաղաղ կարգավորման միջոցները և սահմանում այդպիսի միջոցներ կիրառելու` պետությունների իրավաբանական պարտականությունը:

Միջազգային իրավունքի այս սկզբունքը ենթադրում է, որ.
1. պետությունները ազատ են իրենց վեճերը լուծելու միջոցների ընտրության հարցում,
2. Պետությունները պարտավոր են իրենց միջև ծագած վեճերը լուծել միայն խաղաղ միջոցներով,
3. Եթե խաղաղ միջոցներից մեկի կիրառումը չի հանգեցրել վեճի լուծմանը, ապա պետությունները պետք է փնտրեն այլ խաղաղ միջոցներ:
ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածի համաձայն, վեճի մասնակիցները պետք է նախ և առաջ ձգտեն վեճը լուծել բանակցությունների միջոցով:
Այսպիսով, ՄԱԿ-ի կանոնադրությունը վեճին մասնակցող կողմերին այնպիսի խաղաղ միջոցների ընտրության ազատություն է տալիս, որոնք նրանք ավելի հարմար են համարում տվյալ վեճը լուծելու համար: