Ads 468x60px

2.08.2012

Քեմփ - Դեվիդյան Համաձայնագրերը և Ռազմաքաղաքական Նոր Իրադրությունը Մերձավոր Արևելքում

1970-ական թվականների վերջերին Մերձավոր Արևելքում ձևավորվեց որակապես նոր իրավիճակ: Նախ, 1973թ. արաբ-իսրայելական պատերազմը ցույց տվեց արաբական երկրներին, որ ռազմական ուժի միջոցով հնարավոր չէ Իսրայելի դեմ հասնել հաղթանակի: Իսրայելն, իր հերթին, ևս գիտակցեց, որ արաբական աշխարհը կարող է բավականին լուրջ հարված հասցնել: Բացի այս ամենից, Եգիպտոսի նախագահ Սադաթը, ամեն կերպ փորձում էր դուրս բերել իր պետությունը ԽՍՀՄ-ի հովանավորության գոտուց և հաստատել քաղաքական և տնտեսական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև հնարավորության դեպքում, Իսրայելի հետ ստորագրել հաշտության պայմանագիր:

1970-ական թվականների վերջին ԱՄՆ-ի պետքարտուղար Հենրի Քիսինջերը, առաջ քաշեց Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման մաքոկային դիվանագիտական ծրագիրը, համաձայն որի` Իսրայելի դեմ հակամարտող արաբական ճամբարից պետք է հետզհետե դուրս բերվեին արաբական պետությունները: Դրանց շարքում առաջին տեղը զբաղեցնելու էր Եգիպտոսը: Հաշվի առնելով, որ Եգիպտոսի նախագահը ևս հակված է դեպի ԱՄՆ-ի հետ համագործակցությանը, և Իսրայելի հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, որոշվեց, որ նախագահների հանգստի գոտում` Քեմփ-Դեվիդում, անցկացնել բանակցություններ հակամարտող կողմերի միջև: 1978թ. սեպտեմբերի 17-ին Քեմփ-Դեվիդում ստորագրվեցին երկու համաձայնագրեր.
1. Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համաձայնագիր:
2. Եգիպտոսի և Իսրայելի միջև հաշտության կնքման համաձայնագիր:
Համաձայնագրերը ստորագրեցին մի կողմից Իսրայելի վարչապետ Բեգինը, մյուս կողմից` Եգիպտոսի նախագահ Սադաթը: Իսկ որպես միջնորդ հանդես եկավ ԱՄՆ-ի նախագահ Քարտերը:
Պայմանագիրը ստորագրելուց հետո 1978թ. հոկտեմբերին Բաղդադում ԱՊԼ արտահերթ նիստ գումարվեց, որտեղ որոշվեց, որ, եթե Եգիպտոսը Իսրայելի հետ ստորագրի հաշտության պայմանագիր, ապա ԱՊԼ անդամ պետությունները կդադարեցնեն նրա հետ բոլոր տեսակի հարաբերությունները: Սակայն նույնիսկ այս որոշումը հետ չպահեց Սադաթին իր մտադրությունից և 1979թ. մարտի 26-ին ստորագրվեց եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրը: Համաձայն այդ պայմանագրի, Իսրայելը պարտավորվում էր մինչև 1982թ. Եգիպտոսին վերադարձնել Սինայի թերակղզին: Եգիպտոսը պարտավորվում էր տարեկան տրամադրել զգալի քանակությամբ նավթ` շուկայական գներից ավելի ցածր գներով: Կողմերը պարտավորվում էին մի քանի ամիս հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ և չարգելել իսրայելական նավերի մուտքը Սուեզի ջրանցք:
Ի պատասխան այս պայմանագրին, արաբական պետությունները, բացի Օմանից, Սուդանից և Սոմալիից, սառեցրեցին իրենց հարաբերությունները Եգիպտոսի հետ: Սառեցվեցին նաև Եգիպտոսի բանկային հաշիվները արաբական մի շարք երկրներում: Եգիպտոսը արաբական աշխարհում հայտնվեց քաղաքական մեկուսացման մեջ:
Փաստորեն, 1970-ական թվականներին Մերձավոր Արևելքում ձևավորվեց որակապես նոր իրավիճակ, որտեղ հայտնվեցին թե Իսրայելը և թե արաբական երկրները: Հայտնվեց արաբական մի պետություն, որը դուրս եկավ Իսրայելի հետ ռազմական անմիջական առճակատումից և հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: