Ads 468x60px

2.06.2012

Պաղեստինյան Հարցը Միջազգային Հարաբերությունների Համատեքստում

Այս հարցը հանդիսանում է միջազգային հարաբերությունների կարևորագույն թնջուկներից մեկը: Պաղեստինյան հարցի պատմությունը այնքան հին է, որքան տվյալ երկրամասում հրեաների և արաբների ու առհասարակ, սեմական ժողովուրդների պատմությունը: Պաղեստինյան հարցը իր պատմության նորագույն ժամանակաշրջանում առավել շատ խնդիրների է բախվել սկսած 1947 թվականից: հենց այս ժամանակաշրջանում Պաղեստինյան հարցը վերածվում է արաբ - իսրայելական հակամարտության:
Դեռ 1917թ. նոյեմբերին լույս աշխարհ է գալիս այսպես կոչված Բալֆուրի հռչակագիրը, որի համաձայն` աշխարհասփյուռ հրեաներին հնարավորություն էր ընձեռնվում բնակություն հաստատել Պաղեստինում, որտեղից վերջիններս դեռ մահմեդականության տարածման ժամանակներից գաղթել էին: Հրեաներին թույլ էր տրվում ստեղծել միայն ազգային օջախ, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ հրեաները ամենևին էլ չեն պատրաստվում սահմանափակվել միայն օջախի կազմավորմամբ: Նրանց վերջնական նպատակն էր պետություն ստեղծելը: Բնականաբար, Պաղեստինում բնակվող արաբները, որոնք ևս չունեին պետություն և կազմում էին բնակչության ճնշող մեծամասնությունը, չէին կարող համակերպվել նման հրեական իղձի հետ: Իհարկե, այս հարցում նույնպես ոչ պակաս բացասական դերակատարություն ունեին մեծ տերությունները, որոնք պարբերաբար հրահրում էին այդ հակամարտությունը: Հենց այս ժամանակաշրջանում էլ հրեաները, մեծահարուստ բանկիր Ռոտշիլդի գլխավորությամբ, փորձում են Պաղեստինում ձեռք բերել արտոնյալ կարգավիճակ: Բրիտանական կառավարության աջակցությամբ հրեաները էժան գներով գնում են արաբներից մեծաքանակ հողատարածքներ, որոնց վրա կառուցվող շինությունները բնակեցվում էին հրեաներով:
19-րդ դարի վերջին հիմնադրվում է համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, որի բացման նիստը տեղի է ունենում Բազել քաղաքում: Կազմակերպության առաջին նախագահն էր Թեոդոր Հերցելը: Կազմակերպության գաղափարախոսական հենքը այն էր, որ հարկավոր է համախմբել բոլոր հրեաներին  Սիոն լեռան շուրջ` վերաբնակեցնելով Պաղեստինը հրեաներով:
1920-ական թվականներին, երբ հաստատվեց մանդատային համակարգը, միջազգային հարաբերությունների Պաղեստինի մանդատը ստանձնեց Մեծ Բրիտանիան, և այս 15 տարիներից ավել ժամանակաշրջանում սկսեց իրականացնել հրեանպաստ քաղաքականություն, ինչի արդյունքում, արդեն 1930-ական թվականներին հրեաները բավականին մեծ թիվ էին կազմում, թեպետ և փոքրամասնություն Պաղեստինում: Հրեաների առավել մեծ ներգաղթը Պաղեստին գրանցվեց 1935-1945 թվականներին, ինչը մեծամասամբ պայմանավորված էր հրեական հոլոքոստով: 
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ Մեճ Բրիտանիան այլևս չէր կարող վերահսկել ներքաղաքական իրադրությունը Պաղեստինում, մասնավորապես, խոսքը գնում է արաբ-հրեական հակամարտության մասին: Ստեղծվել էին հրեական ահաբեկչական կազմակերպություններ, որոնք պարբերաբար զինված հարձակումներ էին անում արաբական բնակավայրերի վրա: Արյունահեղ բախումները հանգեցրեցին նրան, որ 1947թ. Մեծ Բրիտանիան հարցը տեղափոխեց ՄԱԿ: Այստեղ կազմակերպված հատուկ հանձնաժողովի որոշման արդյունքում, նույն թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, համաձայն որի` Պաղեստինում պետք է կազմավորվեին արաբական և հրեական պետություններ: Գլխավոր ասամբլեայի բանաձևը հրեաները սիրով ընդունեցին, իսկ արաբները` մերժեցին:
1948թ. մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը, հրեաները հռչակեցին Իսրայել պետության անկախությունը: 1948թ. մայիսի 15-ի գիշերը արաբական մի քանի պետություններ ներխուժեցին Իսրայել: Սկսվեց արաբ-իսրայելական առաջին պատերազմը:
Պետք է նշել, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրեաները կարծում էին, որ իրենց պետության բարգավաճումը կարելի է կապել Խորհրդային Միության հետ: Սակայն արաբ-իսրայելական առաջին պատերազմի նախօրեին Թել-Ավիվը որոշեց, որ պետք է համագործակցել ԱՄՆ-ի հետ: Սկսված պատերազմում, որը պարբերական ընդմիջումներով տևեց մեկ տարի, արաբները պարտվեցին:
Առաջին պատերազմը վերջնականապես ցույց տվեց միջազգային հանրությանը, որ տվյալ խնդիրը վերածվել է արաբ-իսրայելական հակամարտության: