Ads 468x60px

2.06.2012

Ազգային Պետության Կարգավիճակի Փոփոխման հարցը Միջազգային Հարաբերություններում

1980-ական թվականների վերջին լայն թափ ստացած գլոբալիզացման գործընթացը իր անմիջական ազդեցությունն ունեցավ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ ողջ միջազգային հարաբերությունների վրա: Յուրաքանչյուր պետություն, անկախ այն բանից, թե գործում է նա միայնակ, թե կոալիցիայի շրջանակներում, ինքնուրույն է լուծում անվտանգության և պաշտպանության հիմնախնդիրները: Այս առումով վառ օրինակ կարող է հանդիսանալ 19-րդ դարում Մեծ Բրիտանիայի հպարտությունը հանդիսացող <<փայլուն չեզոքության>> քաղաքականությունը, և կամ էլ ԱՄՆ-ի` ընդհուպ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, պարտավորեցնող դաշինքներից խուսանավումը:

Այլ իրավիճակ է ստեղծվել ներկայումս, երբ ողջ աշխարհը վերածվել է միասնական համակարգի, որի մասերը սերտաճած են միմյանց հետ: Կարևոր նշանակություն է ձեռք բերում այն, որ միջպետական համագործակցության համակարգը համալրվում է այսպես կոչված երկակի մոտեցմամբ: Կառավարության կողմից որոշում կայացնելու բարդեցումը զրկում է պետությանը քաղաքական խնդիրների առջև արագ արձագանքելու հնարավորությունից: Տարբեր ճգնաժամային իրավիճակներում վարչական մեխանիզմը առավել շատ է բացահայտում իր անընդունակությունը արագ արձագանքել նման իրավիճակի հայտնվելու դեպքում:
Առհասարակ, խնդրի ի հայտ գալը պայմանավորված է այն որոշումների ընդունման կարգից, որն իրականացվում է միմյանց հետ կապ չունեցող մարդկանց բազմության կողմից: Ակնհայտ է, որ դիտարկվող հարթույթի վրա էլ ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում այն գործողություններն, որոնք անմիջականորեն ընդունվում են ազգային պետական սահմաններից դուրս` այլ կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից:
Պետության կողմից իր գործառույթների և իրավասությունների արդյունավետ իրականացման գործընթացի վրա մեծ ազդեցություն է ունենում հետզհետե ընդլայնվող անդրազգային կորպորացիաների և այլ կարգի միջազգային հարաբերությունների գործակիցների` տարածաշրջանային, համաշխարհային, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից առաջադրվող այնպիսի հարցեր, որոնք կապված են մի շարք ապրանքների նկատմամբ գների հաստատման հետ: Այդ գները հաճախ չեն հաստատվում տվյալ պետության կողմից, այլ սահմանվում է մի քանի պետությունների կամ կազմակերպությունների կողմից: Որպես օրինակ կարելի է նշել 1970-ական թվականների առաջին կեսին գրանցված համաշխարհային էներգետիկ ճգնաժամը, որը պայմանավորված էր նավթ արդյունաբերող արաբական երկրների կողմից որդեգրած համապատասխան քաղաքականությամբ: Նունը կարելի է ասել քաղաքական ոլորտի խնդիրների մասին: Հետևաբար, տրամաբանական է, որ առանցքային դերակատարություն ունի տվյալ տեսանկյունից տնտեսության բնագավառում տեղի ունեցող տեղաշարժերը: Շնորհիվ արագորեն ընթացող տնտեսական փոխհամագործակցության գործոնը դառնում է հիմնական գրավականը պետության ազգային սահմանների քայքայման համար: Սրա հետ մեկտեղ, տեղի է ունենում ներքին և արտաքին քաղաքականության աննախադեպ սերտաճում, որի պարագայում արտաքին քաղաքականությունը ածանցյալ է դառնում ներքինից, և հեռվից` դիտորդի տեսանկյունից, դժվար է հստակ սահմանագիծ անցկացնել ներքին և արտաքին քաղաքականության միջև: 
Ներկա դրությամբ, ներքին և արտաքին քաղաքականությունը սերտաճած են, ինչի արդյունքում, մեկը լրացնում է մյուսին: Շատ հաճախ, ներքաղաքական խնդիրները միևնույն ժամանակ հանդիսանալ նաև որպես արտաքին քաղաքական խնդիր: Արդյունքում, եթե նախկինում արտաքին քաղաքականությունը կարելի էր իրականացնել <<ներքևից>> մեկուսացված, ապա ներկայումս դա հնարավոր չէ անել: Հետևաբար, ազգային պետության կարգավիճակը միջազգային հարաբերություններում ենթարկվել է գլոբալ փոփոխության: